Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Կյանքում, երբ որևէ մեկն իմ շուրթերից հայհոյանք չէր լսել, այդ օրը լսեց». Գագիկ Հարությունյանի բացահայտումը՝ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ

741
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 15:45
«Կյանքում, երբ որևէ մեկն իմ շուրթերից հայհոյանք չէր լսել, այդ օրը լսեց». Գագիկ Հարությունյանի բացահայտումը՝ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ

«Ես ոչ մի իշխանության էլ նվիրված չեմ եղել, ընդհակառակը. հեռուստատեսությամբ վերջերս դիտարկում արվեց, թե Դուք բոլորի հետ աշխատել եք, ասացի՝ ո՛չ, բոլորն են ինձ հետ աշխատել»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Մարտի 1-ի դեպքերից, ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ,ավելի քան 22 տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը ղեկավարած Գագիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն այդ ժամանակ ընդամենն «իր գործն է արել»:

«Մարտի 1-ը մեր երկրի համար եղավ ամենաամոթալի էջերից մեկը, դա ողբերգություն էր նաև, բայց մենք շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին… մակերեսային խոսակցությունները՝ սրան-նրան, իշխանությանը ծառայելը և այլն… ես ծառայել եմ իմ երկրին և ժողովրդին. իմ խիղճը մաքուր է ու հանգիստ»,- ասել է նա:

Հարցին՝ Դուք կարծում եք՝ այն, ինչ եղավ մարտի 1-ին, իշխանությունների կողմից, համարժե՞ք էր, Գ. Հարությունյանը պատասխանել է. «Ես համարում եմ, որ մեր բոլորի մեղքն էր ինչ-որ տեղ, որ այդպիսի հանգուցալուծում եղավ: Ես համարում եմ՝ նորմալ իրականության մեջ, համապատասխան կոնֆլիկտները պետք է հաղթահարվեն…»:

Բացելով «փոքր փակագծերը»՝ Հարությունյանը շարունակել է. «Մարտի 1-ից առաջ, երբ բարդ իրավիճակ էր, գիշերն ինձ լուր տվեցին, որ պայթյուն է սպասվում, լարվածությունը հասել է գագաթնակետին: Ես գնացի, հավաքեցի մարդկանց, սկսեցինք քննարկումները: Մինչև հաջորդ օրվա ժամը 16:00-ն ոչ մի արդյունքի չհասա: Զգում էի՝ իրավիճակն այնպիսին էր, ավտոմատները պատրաստ են, կամուֆլյաժները հագած և այլն, ու մարդիկ գնում են որոշակի գործողությունների: Իմ սկզբունքն այն էր, որ մի կաթիլ արյուն անգամ չի կարող արդարացնել ցանկացած բան, ցանկացած նպատակ, և պետության մեջ չպետք է լինի նախադեպ: Վերջում, որ տեսա չենք կարողանում կոնֆլիկտը հաղթահարել, ես բավականին զայրացած, կյանքում, որ որևէ մեկն իմ շուրթերից հայհոյանք չէր լսել, այդ օրը լսեց. ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե գնաք նման քայլի»: