Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Սարգիս. կյանքն այսպիսի բան է». հայ ծանրորդի մասին ֆիլմը նվաճում է Եվրոպան

442
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 22:30
«Սարգիս. կյանքն այսպիսի բան է». հայ ծանրորդի մասին ֆիլմը նվաճում է Եվրոպան

Այս ամիս մեծ էկրաններ է բարձրացել Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանի մասին պատմող «Սարգիս․ կյանքն այսպիսի բան է» վավերագրական ֆիլմը։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ծանրորդը պատմեց ֆիլմի և նկարահանումների ընթացքի մասին։

«2005 թվականին չընդգրկվեցի Հայաստանի հավաքականի կազմում և չկարողացա մասնակցել միջազգային մրցումների, այդ պատճառով որոշեցի ուժերս փորձել Եվրոպայում և տեղափոխվեցի Ավստրիա։ Գրանցածս արդյունքներն ինձ վրա սևեռեցին երիտասարդ ռեժիսոր Ստեֆան Լանգթալերի ուշադրությունը։ Նա որոշեց իմ պատմությունը ֆիլմի վերածել։ Ֆիլմը պատմում է իմ կյանքի, մրցումներին պատրաստվելու, բոլոր դժվարությունները հաղթահարելու, մի խոսքով՝ վավերագրական ֆիլմ է՝ պատմական գեղեցիկ ավարտով՝ այն մասին, որ 33-տարվա ընդմիջումից հետո Ավստրիայի համար նվաճեցի բրոնզե մեդալ։

Ֆիլմի աֆիշը
Ֆիլմի աֆիշը

Ֆիլմը հիմա մասնակցում է «Դիագոնալ» կինոփառատոնին։ Մի քանի օրից կմասնակցի Գրացի կինոփառատոնին, ապա նաև այլ կինոփառատոնների։ Ֆիլմը գերմաներեն է։ Այն նկարահանվել է 7 տարի՝ 2009-2016 թվականներին։ Ֆիլմի բոլոր կադրերն իրական են՝ մի դուբլից նկարված։ Ոչինչ փոփոխված չէ։ Այս ընթացքում նկարահանող խումբն ինձ ուղեկցում էր գրեթե ամենուր։ Նույնիսկ Հայաստանում են նկարել՝ 5 օր։

Սարգիսը՝ նկարահանող խմբի հետ
Սարգիսը՝ նկարահանող խմբի հետ
Նորվեգիայում կայացած Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընթացքում նրանք նկարահանում էին ամեն քայլափոխս՝ ինչպես եմ մարզվում, ուտում, զբոսնում, սրճարան, թանգարան, եկեղեցի գնում։ Նրանք իմ կողքին էին, երբ ուրախանում էի Անդրանիկի հաղթանակի համար, իսկ մրցմանս օրը պետք է այնպես աշխատեին, որ չհայտնվեին ուղիղ հեռարձակման մեջ։ Գրեթե ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում։ Իրականում մենք էլ չգիտեինք, թե ինչ ավարտ կունենա ֆիլմի այդ հատվածը։ Ամեն ինչ հարթակին որոշվեց, երբ գլխավերևումս պահեցի ծանրաձողը և մրցավարներն արձանագրեցին քաշը։ Դա 33 տարվա ընդմիջումից հետո Ավստրիայի առաջին մեդալն էր։ 2017-ին արծաթե մեդալ նվաճեցի, իսկ այս տարի գնում եմ ոսկու հետևից»։
Սարգիսը՝ Սիմոն Մարտիրոսյանի և Ավստրիայի հավաքականի մարզիչ Գագիկ Նազարյանի հետ
Սարգիսը՝ Սիմոն Մարտիրոսյանի և Ավստրիայի հավաքականի մարզիչ Գագիկ Նազարյանի հետ

Սարգիսն այս օրերին Ավստրիայի հավաքականի կազմում նախապատրատվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը․ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ինձ վաղուց թույլ էր տվել հանդես գալ այլ երկրի դրոշի տակ, դեռևս երբ պետք է մասնակցեի Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնությանը՝ Բունդեսլիգային։ Այս տարիների ընթացքում ցույց տվածս արդյունքները հնարավորություն տվեցին ինձ, քաղաքացիություն ստանալուց հետո, 2014 թվականին ընդգրկվել Ավստրիայի հավաքականի կազմում և մասնակցել միջազգային մրցաշարերի։ 2014 թվականին վերադարձա Հայաստան, նույնիսկ մասնակցեցի Հայաստանի առաջնությանը՝ գրավելով 2-րդ տեղը։ Հետո ընդգրկվեցի Հայաստանի հավաքականի կազմում, ուսումնամարզական հավաքների մասնակցեցի, սակայն չկարողացա հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում՝ փաստաթղթային խնդիրների պատճառով և սկսեցի հանդես գալ Ավստրիայի դրոշի տակ։ Հիմա հավաքի ենք Ավստրիայի հավաքականի հետ։ Մարտի 16-ից ֆիլմը ցուցադրվելու է Ավստրիայի Գրաց քաղաքի կինոթատրոնում։ Ուրբաթ երեկոյան ողջ թիմով գնալու ենք դիտելու։ Արդեն տոմսերը գնել եմ։ Երբ առաջին անգամ դիտում էի ֆիլմը, կեսից ինձ էլ հետաքրքրեց, թե ինչ ավարտ է ունենալու։ Ֆիլմի վերջում ողջ դահլիճը ծափողջույններով ոտքի կանգնեց։ Ես էլ այն զգացումն ունեի, կարծես այդ պահին ծանրաձողը գլխավերևումս պահեցի։ Հպարտություն էի զգում, բավարարվածություն և ավելիին ձգտելու ցանկություն»։

Սարգիս Մարտիրոսյանը՝ Եվրոպայի 2017 թվականի առաջնության փոքր արծաթե մեդալակիր
Սարգիս Մարտիրոսյանը՝ Եվրոպայի 2017 թվականի առաջնության փոքր արծաթե մեդալակիր

Թեև Մարտիրոսյանը հանդես է գալիս Ավստրիայի դրոշի ներքո՝ Հայաստանի և հայկական ծանրամարտի դպրոցի հետ կապը չի կորցնում․ «Տարվա մեջ 3-4 ամիս Հայաստանում եմ լինում, Հայաստանի հավաքականի հետ մասնակցում եմ 3-4 ուսումնա-մարզական հավաքի։ Մարզումներն ավելի օգտակար և հետաքրքիր են անցնում այդպես։ Երբ հավաքներ չկան, մարզվում եմ առաջին մարզչիս՝ Ֆելիքս Ալիևի գլխավորությամբ։ Անգամ երբ Հայաստանում չեմ, միևնույնն է մարզվում եմ իր մշակած և գրած ծրագրով։ Հենց այս պահին կողքիս դրված է մինչև Եվրոպայի առաջնությունը գրված ծրագիրս, որով մարզվում եմ։ Մրցումների ժամանակ էլ Հայաստանի հավաքականի մարզիչներն իրենց խորհուրդներով կանգնած են իմ կողքին։ Շատ շնորհակալ եմ նրանց»։

Սարգիսը՝ Հայաստանի հավաքականի հետ՝ հավաքի ընթացքում
Սարգիսը՝ Հայաստանի հավաքականի հետ՝ հավաքի ընթացքում

Մարտիրոսյանը մարտի 27-ին թիմի հետ մեկնելու է Ռումինիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու։

«Թեև մի շարք հավաքականներ որակազրկված են, իմ քաշային կարգում միայն Սիմոնի բացակայությունն է զգալի։ Մյուսները նույն տղաներն են, որոնց հետ պայքար եմ մղել վերջին տարիներին։ Ամեն անգամ չեմ կարողանում երկամարտի մեդալ նվաճել։ Հրում վարժությունս միշտ խանգարում է։ Փորձում եմ շտկել սխալներս։ Հուսով եմ՝ այս անգամ բարձրացրածս կիլոգրամները կբավականացնեն՝ երկամարտի մեդալ նվաճելու համար»։

Սարգիսը՝ Փաշիկ Ալավերդյանի, Վիգեն Խաչատրյանի և Անդրանիկ Կարապետյանի հետ
Սարգիսը՝ Փաշիկ Ալավերդյանի, Վիգեն Խաչատրյանի և Անդրանիկ Կարապետյանի հետ

Խոսելով ապագայի ծրագրերից՝ հայ ծանրորդը նշեց․ «Եվրոպայի առաջնությունից հետո Բունդեսլիգայի 5 մրցում ունենք, ինչից հետո կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը։ Մինչ աշխարհի առաջնությունը երևի 2 անգամ Հայաստան կգամ՝ մի քանի ավստրիացի մարզիկի հետ։ Համատեղ հավաք կանցկացնենք: Երկու ֆեդերացիաները բավականին լավ կապերի մեջ են։ Արդեն 3 տարի է, ինչ ավստրիացի մարզիկներ և մարզիչներ ինձ հետ գալիս են Հայաստան։ Երբ Հայաստանում ենք, ենթարկվում ենք Հայաստանի մարզչական շտաբի պահանջներին, իսկ Հայաստանի հավաքականի մարզիչները մեծ սիրով ընդառաջում են մեզ։ Ավստրիացիներին շատ է դուր գալիս Հայաստանում մարզվելը, քանի որ ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ է կազմակերպված։ Բացի մարզումներից, նրանց ցույց եմ տալիս Հայաստանի տեսարժան վայրերը իրենց լավ են զգում այդտեղ և մեծ հաճույքով են գալիս համատեղ մարզումների»։

Սարգիսը նշեց նաև, որ մարզական կարիերան ավարտելուց հետո կգլխավորի Ավստրիայի ազգային հավաքականը․ «Մտածում եմ կարիերաս ավարտել 3-4 տարուց, ինչից հետո կգլխավորեմ Ավստրիայի ազգային հավաքականը»։

Կատարինե Այդինյան

Ֆիլմի թրեյլերը