Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ստեփանակերտի ընկալելիությունը Վաշինգթոնում

347
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 22:10
Ստեփանակերտի ընկալելիությունը Վաշինգթոնում

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն իր հոդվածում գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ և կոնգրեսականներ) կարևորագույն ողերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված և հետևողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության,
արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության և պետականություն կերտելու ազգային, քաղաքական և իրավական հիմնավորումների և այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:
Այս բոլոր հիմնադրույթների ներկայացման ընթացքում օգտագործվել են միջավայրի կողմից դյուրին ըմբռնելի
թեմաներ, խնդիրների արծարծման առանցքներ, համապաատասխան եզրաբանություն, որոնք այս դեպքում
ամերիկյան քաղաքական միջավայրում գտել են ճիշտ ընկալելիություն:

Հիշեցումը, որ ԱՄՆ-ի օրենսդիր թևը առաջիններից էր, որը քվեարկել է և ընդունել Սումգայիթն ու ադրբեջանական ջարդարար քաղաքականության այլ դրսևորումները դատապարտող փաստաթղթեր, մի օրինակ է արցախյան և ամերիկյան դիրքորոշումների համատեղելիությունը շեշտելու առումով: Քաղաքական հռետորության արվեստի օրինակները շարունակվում են նախագահ Սահակյանի խոսքում, երբ ընդգծվում է արցախյան կողմի կառչած լինելը երկխոսության, բանակցային գործընթացին, հետևաբար նաև դիրքորոշումը՝ պատերազմի մերժման և ուժի բացառման: Ադրբեջանի ներկայացումը իբրև հայությունը
բնաջնջելու առաջադրանք ճշտած ահաբեկչական պետություն և իբրև այդպիսին տարածշրջանին ու
մարդկությանը սպառնացող երևույթ, կապվում է ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական միջազգային դաշինք ձևավորած լինելու իրողությանը:

Բայց՝ ամենահիմնականը․ նախագահ Սահակյանն ընդգծում էր Վաշինգթոնի միակ պետություն լինելու հանգամանքը, որը ֆինանսական օժանդակություն է տրամադրում Արցախին: Որքան էլ հակափաստարկներ հնչեն, այնուամենայնիվ պաշտոնական Ստեփանակերտի և Արցախի Հանրապետւթյունը ներկայացնողների իրողական ճանաչումով կարող է մեկնաբանվել երևույթը:
Նման մասնակի իրականության շեշտադրումն է նաև քաղաքային և նահանգային մակարդակների վրա սկսած
Արցախի Հանրապետության ճանաչման շղթայի գերակշռող մասը ԱՄՆ-ը տեսնելու նախագահի պաշտոնական
հայտարարությունը: Այստեղ ևս որքան էլ առարկվի, որ ամերիկյան նահանգների և քաղաքների ճանաչումները միջազգային իրավաչափական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ դրանք հիմնովին նպաստում են նախ ընդհանուր ճանաչելիությանը, ապա ամերիկացի նահանգային և քաղաքային պաշտոնատարների, վաղվա սենատորների և կոնգրեսականների Ստեփանակերտ այցերին: Այս շղթան, իբրև որդեգրված ռազմավարության շոշափելի գործնականացումների շարք, անպայման Արցախի Հանրապետության ճանաչմանը նպաստող գործընթաց է:
Նախագահի համոզմամբ էլ ԱՄՆ-ը այստեղ գերակշռող մասն է ապահովել։ ԱՄՆ-ը առաջին հորիզոնականում
է։

Այդ պատճառով էլ Բաքուն լուրջ անհանգստություն է ապրում, որը այս առիթով արտգործնախարարություն է
կանչում տեղի ամերիկացի դեսպանին, բողոքի հուշագիր է ուղարկում Վաշինգթոն կամ միջազգային հետախուզման դիմում է ներկայացնում Հայ Դատի ևրոպայի պատասխանատուի դեմ։ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցերը ԱՄՆ,ևրոպա, Ավստրալիա կամ այլ երկրներ, ինչպես նաև ամերիկացի թե ևրոպացի կամ ավստրալիացի օրենսդրականների, նահանգային-քաղաքային բարձրաստիճան պաշտոնատարների ժամանումները Ստեփանակերտ, իրականանում են քաղաքական ենթահողերի նախապատրաստությամբ: Այդ ենթահողերի ձևավորումներում հիմնարար դեր են ստանձնել

Հայ Դատի գրասենյակները:

Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում տեսանելի այս տեղաշարժերը կարևոր նախադրյալներ
են, որոնք կարող են կտրուկ զարգացման միտումներ դրսևորել, երբ Բաքուն և տվյալ պետությունը հայտնվեն շահերի բախման կետերի դիրքերում. այս դեպքում՝ հարաբերակցաբար Վաշինգթոնի: Իսկ հավանական այդ զարգացումների համար անհրաժեշտ են նախադրյալներ ձևավորող քաղաքական ենթահողեր:

Այդ ենթահողի պատրաստության մեջ իբրև կարեվոր ներդրում կարելի է դիտարկել Բակո Սահակյանի այցը
Վաշինգթոն»: