Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նստում ես երթուղային, տեսնում ես՝ 12 տեղ է, բայց լցված են 18 հոգի. դա սպառողի իրավունքի ոտնահարում չէ՞». Մելիտա Հակոբյան

590
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 18:15
«Նստում ես երթուղային, տեսնում ես՝ 12 տեղ է, բայց լցված են 18 հոգի. դա սպառողի իրավունքի ոտնահարում չէ՞». Մելիտա Հակոբյան

«Սպառողների իրավունքները խախտվում են ամենուրեք, որովհետև սպառողները քիչ իրազեկ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով սպառողական շուկայում սպառողների իրավունքների ոտնահարումից, ասել է «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը։

«Ամեն քայլափոխի քեզ կարող են խաբել. օրինակ, նստում ես երթուղային տաքսի, տեսնում ես՝ 12 տեղ է, բայց լցված են 18 հոգի՝ մեկը մյուսի գրկին նստած և այլն. դա արդյոք սպառողի իրավունքի ոտնահարում չէ՞: Չէ՞ որ դու գումար ես մուծում, բայց քո իրավունքը ոտնահարում են: Մտնում ես խանութ, տեսնում ես վաճառողն անտրամադիր է, կա՛մ ամուսնու հետ է կռվել, կա՛մ ուրիշ խնդիր ունի, որի պատճառով նա մուննաթով է խոսում. դա սպառողի իրավունքի ոտնահարում չէ՞»:

Մ. Հակոբյանը նշել է, որ սպառողներից բազմաթիվ բողոքներ են ստանում տարբեր խնդիրներով: «Օրինակ, շատ դիմում բողոքներ ունենք բջջային հեռախոսների որակի հետ կապված: Տնտեսվարող սուբյեկտն անորակ ապրանք է ներկրում, իսկ մաքսակետում նորմալ չեն ստուգում, ինչի հետևանքով այդ անորակ ապարանքը հասնում է սպառողի ձեռքը»,- բացատրեց բանախոսը:

Մելիտա Հակոբյանի խոսքով, այս տարիների ընթացքում իրենց կազմակերպությունը 600 դատական հայց է շահել, ընդամենը մեկ դեպք է եղել, որ որոշում են կայացրել հօգուտ տնտեսվարողի։