Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կաշառք ստանալու կասկածանքով Բագրատաշենում մաքսային տեսուչներ են ձերբակալվել. ՀՔԾ

277
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 11:10
Կաշառք ստանալու կասկածանքով Բագրատաշենում մաքսային տեսուչներ են ձերբակալվել. ՀՔԾ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՔԾ ամուլի ծառայությունից:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր և միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, ինչպես նաեւ առանց մաքսատուրքի վճարման նրանց թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել և ստացել է կաշառք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ավագ տեսուչը՝ դրան օժանդակելու կասկածանքով:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու եւ դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է: