Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

«Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես...». այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

245
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 11:20
«Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես...». այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի–բայց երգս կա, կապրի դեռ:

Եղիշե Չարենց

1897-ի այս օրն է ծնվել հայ հանճարեղ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցը: Սովորել է տեղի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարանում, իսկ 1916-17-ից՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում:

Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին՝ Թիֆլիսում, իսկ առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» լույս է տեսել Կարսում: Չարենցն ականատես է եղել Վանում տեղի ունեցող ողբերգությանը, որից հետո տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ՝ 1916-ին գրել է «Դանթեական առասպել» պոեմը, «Վահագն», «Ազգային երազ» և «Հատված» պոեմները:

Առավել հայտնի են Չարենցի «Երկիր Նայիրի» վեպը, «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը, «Ամբոխները խելագարված» պոեմն ու մի շարք բանաստեղծություններ:

Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Այս թեմայով գրել է «Լիրիկական բալլադներ», «Ծիածան», «Հրո երկիր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:

Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր:

«Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ։ Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում»,- Եղիշե Չարենցի մասին ասել է Վահրամ Փափազյանը:

1935թ-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ին բռնադատվել է և մահացել Երևանի բանտի հիվանդանոցում:

«...Եվ չիմացանք, թե ի՞նչ էր նրա վերջին խոսքը, վերջին պատգամը.... և չիմացանք, թե ի՞նչ արին նրա որբ աճյունը, ու՞ր է նրա շիրիմը... Եվ հավանաբար, երբեք էլ չիմանանք: Եվ հավանաբար, պետք էլ չէ, որ փնտրենք, քանի որ մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, այն օրերի դաժան ու դժնի տրամաբանության դեմ, ըստ որի Չարենցի նմանները պիտի նույնիսկ շիրիմ չունենային: Չարենցի անհայտ գերեզմանը շիկացած խարան է այն ժամանակների ու նրա հեղինակների ճակատին: Արհեստական միջոցներով չմաքրենք այդ խարանը...»,-ասել է Վահագն Դավթյանը:

Եղիշե Չարենց - Հեռացումի խոսքեր