Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Այսօր հայ թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Գևորգ Չմշկյանի ծննդյան օրն է

347
Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 19:05
Այսօր հայ թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Գևորգ Չմշկյանի ծննդյան օրն է

Ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Գևորգ Չմշկյանը ծնվել է 1837թ. Թիֆլիսում: 1847-1850թթ. սովորել է Ներսիսյան դպրոցում, 1854թ. ավարտել ռուսական հողաչափական ուսումնարանը և մինչև 1862թ. աշխատել տարբեր քաղաքներում՝ որպես հողաչափ:
Թատերական գործունեությունն սկսել է 1863թ.: 1864թ. ստեղծել է հայկական առաջին Անկախ դերասանական ընկերությունը: «Մշակ» թերթի (1872թ.) և Թիֆլիսի թատերական ընկերության (1879 թ., քարտուղարն էր և դերասանախմբի ռեժիսորը) հիմնադիրներից է եղել, Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ (1908թ.):

Չմշկյանը հետևել է ռուսական ռեալիստական թատրոնին, պայքարել գեղարվեստական բարձրարժեք խաղացանկ ստեղծելու և բեմն արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար: Իր արվեստում նրբորեն զուգակցել է ռոմանտիկական պաթոսն ու կյանքի իրական արտացոլումը:
1864-1890-ական թթ. իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին: Չմշկյանն առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև: Չմշկյանի և Սունդուկյանի ստեղծագործական համագործակցությամբ հայ թատրոնում հաստատվել է ռեալիստական խաղաոճը:
Չմշկյանը Պեպոյի (Գ. Սունդուկյանի «Պեպո») առաջին և լավագույն դերակատարն էր հայկական և Թիֆլիսի վրացական թատրոններում. «Պեպոյի» հեղինակը դրեց ինձ վրա մեկ քաղցր լուծ, այն է՝ խոստովանել ճշմարտությունը»,–այսպես է արտահայտվել նա Պեպոյի կերպարի մասին, որը մարմնավորել է անձամբ:

Չմշկյանն առաջինն է հայ թատրոնում բեմադրել Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» և Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսները:

Չմշկյանը թարգմանել և բեմադրել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո» (հայ բեմում առաջինն է խաղացել Շայլոկ և Օթելլո), «Թիմոն Աթենացի», Վիկտոր Հյուգոյի «Անջելո» և այլ գործեր: Նա խաղացել է ավելի քան 100 դեր՝ Վարդան (Հակոբ Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ»), Կարլ Մոոր (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ») և այլն:
Չմշկյանը գրել է «Իմ հիշատակարանը» (1953թ.) գիրքը, պիեսներ («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ: Մահացել է 1915թ. Պետրոգրադում: