Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եթե ես սիրտ ունենայի, կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը». այսօր Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

759
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 15:45
«Եթե ես սիրտ ունենայի, կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը». այսօր Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի՝ հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան...Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև՝ հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը...

Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում՝ Էլիխիո Գարսիա Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում։

Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի և 1982-ին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբական և արտաքին քաղաքականութունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնզալոն։

Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հատնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն» (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին» (1985): Նրա գործերը բազմիցս արժանացել են գրաքննադատների հավանությանը և մեծ պահանջարկ են վայելել՝ առավելապես մոգական ռեալիզմ գրական ժանրը հանրայնացնելու համար։ Մոգական ռեալիզմն օգտագործում է մոգական էլեմենտներ և իրադարձություններ սովորական և ռեալիստական իրավիճակներում։ Նրա որոշ գործերի իրադարձությունները ծավալվում են Մակոնդո կոչվող հորինված գյուղում (այս վայրը ստեղծելիս գրողը ներշնչվել է իր ծննդավայր Արակատակայից), և դրանց մեծ մասն անդրադառնում են միայնության թեմային։

Կարճ ժամանակում ձեռք բերած հռչակի և ամերիկյան իմպերիալիզմի վերաբերյալ իր բացահայտ տեսակետների պատճառով Գարսիա Մարկեսը որակվել էր ԱՄՆ-ի համար վտանգավոր անձ և տարիներ շարունակ նրա մուտքն ԱՄՆ արգելված էր։ Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին արգելքը հանվեց, և ԱՄՆ նախագահն անգամ նշում էր, որ «Հարյուր տարվա մենությունը» իր ամենասիրելի վեպն է։

«... Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի՝ առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի՝ սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել»:

2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբացի»:

«Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է»,- հրաժեշտի նամակում, դիմելով իր ընթերցողին, գրում է սիրված գրողը:

Գարսիա Մարկեսը մահացել է 2014թ. ապրիլի 17-ին, Մեխիկոյում: