Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը կասեցնելու հարցը

401
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 14:10
Կառավարությունը կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը կասեցնելու հարցը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» նախագիծը, որը կներկայացնի ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Որոշման նախագծում նշված է հետևյալը. «Հիմք ընդունելով «Իրավական ակտրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ձևավորված մոտեցումների՝ տարիներ շարունակ դեղատոմսով բաց թողնվող դեղերը առանց դեղատոմսի բաց թողնելու և ձեռք բերելու պրակտիկայի, արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու և աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով՝ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»:

Կառավարության նիստը տեղի կունենա այսօր երեկոյան: