Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.

Քաղաքապետարանը հանձնարարել է խստացված հսկողություն իրականացնել դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքությունը բացառելու նպատակով

207
Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 16:30
Քաղաքապետարանը հանձնարարել է խստացված հսկողություն իրականացնել դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքությունը բացառելու նպատակով

Համացանցում շարունակվում է օգտատատերի կողմից բարձրացվել ավարտական դասարաններում դրամահավաքության հարցը: Այս անգամ շոշափվում է Երևանի Պեյո Յավորովի անվան դպրոցի անունը: Օգտատերն իր գրառման մեջ նշել է, որ դպրոցի նոր նշանակված տնօրենը դրամահավաք է կազմակերպում համարյա բոլոր դասարաններից, իսկ ավարտական դասարաններում առավելուգույն չափ է սահմանվել: «Նաև նշանակվել է իբրև թե ներքին քննության մոդել մի քանի առարկաներից՝ կոռուպցիոն սպառնալիք ստեղծելով և արդարացնելով շորթումը»,- գրել է Հարություն Բաբայանը՝ խնդրելով պատկան մարմիններին հետևողական լինել՝ հաստատել կամ հերքել նման տեղեկությունը:

Բարձրացված խնդրին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան թիմը՝ նշելով, որ հարցը կփոխանցի պատասխանատուներին:

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը՝ հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում MAMUL.am-ն ահազանգեր է ստանում տարբեր դպրոցներից՝ «Վերջին զանգի» արարողության համար հավաքվող գումարների վերաբերյալ:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, որն զբաղվում է կրթական ոլորտի խնդիրներով, նույնպես ժամանակ առ ժամանակ նույնաբովանդակ ահազանգեր է ստանում դպրոցների ծնողների կողմից: