Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ավանդույթ է դարձել ավարտական դասարանների քննություններին գումար հավաքելը և տնօրենին տալը. ահազանգ դպրոցներից

497
Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 14:25
Ավանդույթ է դարձել ավարտական դասարանների քննություններին գումար հավաքելը և տնօրենին տալը. ահազանգ դպրոցներից

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն զբաղվում է կրթական ոլորտի խնդիրներով, ուսումնասիրում քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրներն ու փորձում լուծում տալ դրանց: Նախաձեռնությունը MAMUL.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ իրենք պարբերաբար անանուն ահազանգեր են ստանում և գրանցումներ iditord.org/education հարթակում:

ԿՔՆ համակարգող խումբը ներկայացնում է դպրոցների ծնողների ահազանգերից մի քանիսը, որոնք ստացվել են նախաձեռնության ֆեյսբուքյան էջի միջոցով.

Արմավիրում հանրակրթական դպրոցի աշակերտներին, հունվարի 26-ին դպրոցից հրահանգվել է 1000 ՀՀ դրամի սահմաններում դպրոց տանել հիգիենայի պարագաներ՝ զինծառայողների համար: Ծնողներն էլ հիգիենայի պարագաներից զատ, փաթեթներում ներառել են նաև քաղցրավենիք:

175 դպրոցի հետ կապված այս տարի կրկին ահազանգ կա, որ գումար են հավաքում։ Ծնողների մեծ մասը չի բողոքում։ Կան տեղեկություններ, որ դրամահավաքի միջոցով դպրոցի համար պարագաներ են գնվում և կեղծ ՀԴՄ-հաշիվներ են ներկայացվում։

175 դպրոցում արդեն քանի տարի է ավանդույթ է դարձել՝ 4-րդ դասարանի և ավարտական դասարանների (9-րդ և 12-րդ) ավարտական քննություններին գումար հավաքելը և տնօրենին տալը. 4 -րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտը 5 000 ական դրամ, 9-րդ դասարանը ՝ 10 000 դրամ, իսկ 12-րդ դասարանը՝ 20 000 դրամ։ Բոլոր դասարանների վերանորոգումն արվում է ծնողների կողմից պարտադրաբար։ Իսկ գրքերի գումարները նախօրոք են ուզել, որ տան գրքերը։ Ամեն երեխայից ավել գումար են պահանջել գրքերի համար՝ 500-ից մինչև 1000 դրամ, մինչդեռ ոչ բոլոր ծնողներն են տեղյակ գնացուցակին։ Իսկ ով էլ տեղյակ է, իհարկե, ձայն չի հանում, որովհետև, կոպիտ ասած՝ խայտառակ կանեն։ Հավաքարարները գումարով դասարան են մաքրում՝ յուրաքանչյուր դասարան 5 000 ից 6 000 դրամ։ Այս ամենի ղեկավարը տնօրենն է, նա է ուսուցիչներին պարտադրում։

Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցում ամռանը կազմակերպել են ներքին վերանորոգման աշխատանքներ, որի համար դպրոցի ծնողներից մասսայական դրամահավաք են իրականացրել՝ յուրաքանչյուրից մինչև 10 000 դրամի չափով: Ահազանգը ներկայացրած անձը գրում է, որ այս դպրոցի տնօրենը խորհրդարանական ընտրութունների ժամանակ հայտնված ձայնագրությունների մեջ կար: Վերանորոգումն էլ հիմնականում երեխաների ծնողները՝ հայրերն են արել՝ առանց դրա դիմաց վճարվելու:

Հիշեցնենք, որ մեր թղթակիցը վերջերս ահազանգ էր ստացել երևանյան մի քանի դպրոցների ծնողներից, որոնք բողոքում էին Վերջին զանգի արարողության համար հավաքվող գումարի չափերից: