Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Գյումրու պետական քոլեջ»-ում ապօրինի կերպով պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու դեպքեր են բացահայտվել

1165
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ., 11:25
«Գյումրու պետական քոլեջ»-ում ապօրինի կերպով պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու դեպքեր են բացահայտվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ:

ՌԴ բնակիչներ Ի. Ռ-ն և նրա կինը՝ Ա. Բ-ն, նախնական համաձայնությամբ, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուս. տարվա ընթացքում առձեռն և բանկային փոխանցումների միջոցով նույն կազմակերպության աշխատակցին և արհեստակցական միության նախագահին, որպես կաշառք, մաս-մաս փոխանցել են առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 140.000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումարներ: Վերջինս իր հերթին, օգտագործելով տվյալ կազմակերպությունում ունեցած իր լիազորությունները, նշված անձի օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ ապօրինի պահանջել և ստացել է այդ գումարները, որից հետո նույն նպատակով ներկայացրել է ևս 500 ԱՄՆ դոլար գումար ստանալու պահանջ: Արդյունքում ՌԴ-ում բնակվող և հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ուսումնառության տարիներին ՀՀ տարածքից բացակայած անձն ընդունվել է նշված ուսումնական հաստատություն, մասնակցել դասապրոցեսին և ստացել դրական քննական գնահատականներ:

Դեպքի կապակցությամբ 2017թ. հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

2017թ. հոկտեմբերի 24-ին քոլեջի վերոնշյալ աշխատակից Կ. Կ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությամբ, ի թիվս այլնի, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելով, մի շարք ուսանողների կողմից դասերին չհաճախելու, ՀՀ տարածքից դուրս գտնվելու պայմաններում՝ նրանց սահմանված կարգով չեն ազատել քոլեջից: Փոխարենը՝ հանձնել են մասնագիտական որակավորման փաստը հավաստող պետական նմուշի դիպլոմներ:

Նկատի ունենալով, որ իր դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործի նախաքննությամբ մեղադրյալներին վերագրվող հանցագործություններից բացի ի հայտ են եկել այլ անձանց կողմից կատարված այլ հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է նշված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու որոշում: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: