Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

548
Շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ., 16:35
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Քաղցկեղը նոր հիվանդություն չէ։ Շատ դարեր առաջ եղած չարորակ նորագոյացությունները, սակայն, մեր օրերում ավելի հաճախ են հանդիպում։ Բազմաթիվ պատճառներից են Երկիր մոլորակի բնակչության թվի և կյանքի տևողության ավելացումը, քանի որ հիվանդության առաջացումը պայմանավորված է նաև տարիքով: Հայաստանում քաղցկեղի առաջացման հավանակությունը առավելագույնն է 65 և բարձր տարիքային խմբում:
Միջազգային գրականության տվյալներով աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 8 մլն մահ՝ կապված չարորակ նորագոյացությունների հետ: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը նոր դեպքերի թիվը կարող է հասնել 27, իսկ մահերինը՝ 17 միլիոնի: Միաժամանակ, տարեկան 75 մլն մարդ քաղցկեղ ախտորոշելուց հետո ապրում է 5 և ավել տարի:
Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում։ Այսպես, եթե 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին՝ 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով:
2016-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 4%-ով ավելացել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող քաղցկեղով հիվանդների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարելավման հետ: Դրա մասին է վկայում նաև 2016թ. քաղցկեղից մահվան դեպքերի, նախորդ տարվա համեմատ, շուրջ 7%-ով նվազումը:
Տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչառական օրգանների, միզապարկի, շագանակագեղձի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի մարմնի և պարանոցի քաղցկեղները:
Քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է չարորակ նորագոյացության առաջացման հնարավորությունը:
Դրանցից առաջատարը ծխախոտի օգտագործումն է, որն առաջացնում է 16 տեսակի չարորակ նորագոյացություններ: Ապացուցված է, որ քաղցկեղից մահացության 21-30%-ը ծխելու, իսկ երբեք ծխախոտ չօգտագործած մարդկանց շրջանում չարորակ նորագոյացությունների 10-15%-ը՝ պասիվ ծխելու հետևանք են:
Կարևոր ռիսկի գործոններ են նաև վարակները, որոնցով պայմանավորված է քաղցկեղների 15-20%-ը: Դրանք են մարդու պապիլոմավիրուսը, հեպատիտ B և C-ի վիրուսները, Էպշտեյն-Բառի վիրուսը և այլն:
Քաղցկեղի առաջացմանը նպաստում են նաև ալկոհոլի չարաշահումը, սխալ սննդակարգը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ճարպակալումը և այլն:
Քաղցկեղը կարելի է կանխարգելել և արդյունավետ բուժել՝ հատկապես վաղ հայտնաբերման դեպքում:
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարության հայեցակարգի մշակման նպատակով աշխատում է հանրապետության առաջատար մասնագետների ընդգրկմամբ հանձնաժողովը, որի պատվավոր համանախագահը Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին է, այս մասին տեղեկատվությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Ահա այն պարզ գործողությունները, որոնք կօգնեն նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, իսկ դրա զարգանալու դեպքում էապես բարելավել դրական ելքի հավանականությունը.
 Մի ծխեք և մի թույլատրեք, որ ծխեն Ձեր և Ձեր հարազատների կողքին
 Եղեք ֆիզիկապես ակտիվ օրական առնվազն 30 րոպե
 Պահպանեք առողջ սննդակարգ՝ սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը
 Երկար մի մնացեք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո
 Կանխարգելիչ նպատակներով առնվազն տարեկան մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում՝ անհապաղ այցելեք Ձեր բժշկին
 Մասնակցեք սկրինինգային ծրագրերին
 Քրոնիկ հիվանդությունների բուժման և կառավարման նպատակով մշտապես դիմեք Ձեր բժշկին
 Պատվաստվեք մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ: