Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մինչ օրս պապիլոմավիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ

308
Երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ., 13:25
Մինչ օրս պապիլոմավիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ

2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետևանքով առաջացած բարդությունները, և հորդորում ժամանակին կատարել Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում նաև՝ ՄՊՎ-ի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Այսօր պատվաստելով Ձեր երեխային, ապագայում կպաշտպանեք նրան քաղցկեղից:

ՀՀ ԱՆ-ը հիշեցնում է, որ պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցն են: Դրա վառ ապացույցը Հայաստանում կարմրուկի դեպքերի բացակայությունն է՝ պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության շնորհիվ: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ Կարմրուկի դեպքեր գրանցվում են Ուկրաինայի ողջ տարածքում՝ այդ թվում նաև Կիևում և Օդեսայում: Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ համաճարակի պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։