Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հեռուստատեսությամբ գովազդվում է վիճակախաղ մատուցող կոնկրետ մեկ ընկերություն». Զոհրաբյան

221
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 15:30
«Հեռուստատեսությամբ գովազդվում է վիճակախաղ մատուցող կոնկրետ մեկ ընկերություն». Զոհրաբյան

ԱԺ-ն քննարկում է ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների մասին» օրինագծերի փաթեթը:

Հաշվի առնելով, որ օրենսդրությունը սահմանում է տարիքային շեմ և գործունությունը ծավալողին ստիպում վերանայել վարքագիծը՝ բացառելով խախտումները, պատգամավորներն առաջարկում են հետևյալ խստացումը: «Տարիքային շեմ է սահմանվում՝ «Վիճակախաղի մասին» օրենքի դեպքում՝ 18 տարին, «Շահումով խաղերի դեպքում»՝ 21 տարեկան քաղաքացիները, որոնք կարող են մասնակից դառնալ այդ շուկային: Շրջապատում տեսել ենք, սակայն, ինչպես են անչափահասները կարողանում օգտվել այդ ծառայություններից: Փողոցներում տեղադրված խաղային ապարատներից 10 ֆոտո եմ արել, երբ անչափահասը կատարում է խաղադրույք: Ուստի առաջարկում ենք 100 հազար դրամ տուգանքը փոխարինել 2 մլն դրամ տուգանքով: Եթե ընկերությունը խախտման դեպքի արձանագրումից ու տուգանքի նշանակումից հետո չի վերափոխում իր վարքագիծը, կիրառվում է 5 մլն դրամ տուգանք: Եթե երրորդ անգամ՝ 10 մլն դրամ: 1 տարվա ընթացքում 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից»,- ասաց հանրապետական Սամվել Ֆարմանյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանին, հարցրեց. «Ո՞նց ենք վերահսկելու, եթե սա չդարձնենք կենսական կարևոր խնդիր: Հեռուստատեսությամբ նայում ենք տարբեր սերիալներ, ուղղակի գովազդվում է կոնկրետ մեկ վիճակախաղ մատուցող ծառայություն: Չեք կարծո՞ւմ՝ գովազդից էլ պետք է դա հանել»:

«Կարելի է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի որոշակի եթերաժամերի չլինի վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդ»,- համաձայնեց Հարությունյանը:

Հարցի քննարկումը շարունակվում է: