Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ՔԿՎ-ն ստում է». Հովհաննես Հարությունյանի փաստաբանի հայտարարությունն՝ իր պաշտպանյալի նկատմամբ կոնսիլիումի վերաբերյալ

263
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 12:50
«ՔԿՎ-ն ստում է». Հովհաննես Հարությունյանի փաստաբանի հայտարարությունն՝ իր պաշտպանյալի նկատմամբ կոնսիլիումի վերաբերյալ

«Սա Հովհաննես Հարությունյանի ռենտգեն-նկարներն են: Ինչպես տեսնում եք, ծնկի ոսկորի մի մասը պոկված է, իսկ մյուս ոսկորներն անկանոն, ոչ ճիշտ սերտաճած, փշրված, երևում են նաև մետաղական բեկորները:

Կոնսիլիումից առաջ և հետո արված ռենտգեն-նկարների լուսապատճենները
Կոնսիլիումից առաջ և հետո արված ռենտգեն-նկարների լուսապատճենները

Հիշեցնում եմ՝ Հովհաննես Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է 26.07.2016թ., նույն օրվա ռենտգեն-նկար գոյություն չունի, այս լուսանկարի առաջին կեսում պատկերված է 21.03.2017թ. ռենտգեն-նկար, որն արվել է «Աստղիկ» ԲԿ-ում, իսկ երկրորդ կեսում՝ 09.08.2017թ. անորակ ռենտգեն-նկարը, որն արվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, այնուամենայնիվ, ակնհայտ տեսանելի է, որ ոչինչ չի փոխվել, ինչը բուժում չիրականացնելու արդյունք է»,- այս մասին ահազանգում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտարարություն էր տարածել՝ վստահեցնելով, որ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում։ «Հունվարի 15-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներին մասնավորապես հայտնել է, որ «Հ. Հարությունյանին ՔԿՀ-ում առաջարկել են փշրված ոսկորներով ֆիզկուլտուրայով զբաղվի և ինքն իրեն բուժի ոտքը: Վերոգրյալի կապակացությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Հ. Հարությունյանի հետազոտության նպատակով տեղի է ունեցել բժշկական կոնսիլիում, այդ թվում՝ Հ. Հարությունյանի կողմից հրավիրված բժշկի մասնակցությամբ և, ըստ եզրակացության՝ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել, ոսկրա-տրավմատիկ փոփոխություններ չեն հայտնաբերվել: Փաստենք, որ Հ. Հարությունյանի պաշտպանի տարածած ռենտգեն վերջին հետազոտությունը զննվել է նաև քաղաքացիական բուժական հաստատությունից հրավիրված վնասվածքաբանի կողմից, ով խորհուրդ է տվել քառագլուխ մկանի իզոմետրիկ վարժություններ բշժկական սպասարկման բաժնի ստացիոնար պայմաններում, ինչը և ապահովված է: Հավելենք նաև, որ 2018թ. հունվարի 9-ին Հ. Հարությունյանին պաշտպանի ներկայությամբ զննել է նաև բշժկական աշխատանքային հանձնաժողովը, որը նունպես փոփոխություններ չի հայտնաբերել»,- ասված էր հայտարարության մեջ։

Անդրադառնալով ՔԿՎ-ի հաղորդագրությանը, Հայարփի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՔԿՎ-ն ստում է. «09.01.2018թ. իմ ներկայությամբ կամ առանց իմ ներկայության որևէ աշխատանքային բժշկական խումբ չի զննել պաշտպանյալիս, ընդամենը քննչական սենյակում Նուբարաշենի բուժակը ցավազրկել է պաշտպանյալիս՝ ներերակային սրսկման միջոցով, որն ի դեպ այնքան անփույթ արվեց, որ մաշկի տակ լցվեց դեղը, և մաշկն այտուցվեց: Նույնիսկ ժգուտ չկար, հսկիչն էր ձեռքով սեղմում, որ երակը երևար: Որոշ մարդկանց անպատասխանատու հայտարարությունների շնորհիվ էլ ոգևորվում է ՔԿՎ-ն»,- գրել է Հ. Հարությունյանի շահերի պաշտպանը: