Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Կա՛մ պիտի գազն իջեցնեն, կա՛մ նալոգը». երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել

300
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 12:05
«Կա՛մ պիտի գազն իջեցնեն, կա՛մ նալոգը». երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել

Մի շարք երթուղայինների վարորդներ այսօր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով վառելիքի թանկացումից: Նրանք նշում են, որ հունվարից հետո իրենց աշխատած գումարն արդեն չի բավականացնում ընտանիք պահելու համար:

Այսօր նրանք փակել էին Րաֆֆու փողոցը՝ լսելի դարձնելու համար իրենց պահանջ-բողոքը:

«Առավոտ 05:30-ից գործի ենք դուրս գալիս, գիշերը երկուսին տուն ենք գնում, 18 ժամ աշխատում ենք: Կա՛մ պիտի գազն իջեցնեն իր հին գնին, կա՛մ նա, ով Հայաստանին գազ է մատակարարում, գնա, խոսի գարաժի տիրոջ հետ, որ նալոգն իջեցնեն»: «Դպրոցներն, ուսումնական հաստատությունները փակվեն ո՞նց ենք անելու, դեռ մի կերպ ձգում ենք, էն ժամանակ ընհանրապես վիճակներս կվատանա...»:

«Նոր տարին երեխուս հետ 10 րոպե եմ հասցրել մնալ: Նորմալ չկարողացանք նշենք էլ, մի բաժակ վախենում էինք գիշերը խմեինք, որ բերաններիցս առավոտ հոտ չգա, որ 150 հազար չտուգանեն»,- բողոքում էին վարորդները:

Հավելենք, որ նոր տարուց հետո վառելիքի թանկացման պատճառով վատ են աշխատում մայրաքաղաքի տարբեր թաղամասերի երթուղիներ ևս: Օրինակ, Սարի թաղն սպասարկող 13 համարի ավտոբուսային երթուղին նկատելիորեն նվազեցրել է իր սպասարկման հաճախականությունը: Եթե մոտ մեկ ամիս առաջ առավոտյան, աշխատանքային օրերին, ավտոբուսները 10 րոպե հաճախականությամբ էին աշխատում, հունվարից հետո արդեն 20-25 րոպե, շաբաթ-կիրակի օրերի մասին խոսելն ավելորդ է: