Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հստակ ասեք՝ տրանսպորտի սակագինը կթանկանա՞, թե՞ ոչ». Մելքումյանը՝ փոխնախարարին

291
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 16:30
«Հստակ ասեք՝ տրանսպորտի սակագինը կթանկանա՞, թե՞ ոչ». Մելքումյանը՝ փոխնախարարին

Խորհրդարանը քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար փոխնախարար Գագիկ Գրիգորյանը:

«Բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել միասնական ցանց, նախատեսվում է միավորել միջմարզային ու ներմարզային երթուղային ցանցերը և դրանց ձևավորումը վերապահել նախարարությանը՝ փոխգործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ»,- ասաց նախարարի առաջին տեղակալը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վերջերս Շիրակի մարզում էինք: Գյումրիում թաղամաս կա, որտեղ տրանսպորտ չի գնում, որովհետև ֆինանսական տեսակետից ոչ արդյունավետ է: Եթե մոնոպոլիա եք ստեղծում մեկին տալու համար, ասեք, եթե իրոք ուզում եք միջհամայնքայինի խայտառակ վիճակը բարելավել, նշեք՝ ոնց եք անելու, ոնց եք շահագրգռելու օպերատորին, որին նպատակահարմար չէ 30-50 հոգանոց գյուղին սպասարկել: Ասացիք՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սակագինը չբարձրանա. բա որ ֆոկուսի ձևը գիտեք, ինչո՞ւ չեք անում: Գյուղեր կան, որ ձմեռվա սեզոնին Ալյասկա են դառնում՝ կտրվելով քաղաքակրթությունից ու մինչև հալոցքը, հնարավոր չէ գյուղ մտնել: Ձեր ելույթում չտեսա ճանապարհային քարտեզ՝ ոնց է իրականացվելու»:

Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, շարունակելով գործընկերոջ բարձրացրած հարցը, նշեց. «Գազի սակագնի բարձրացման արդյունքում ո՞նց եք խուսափելու տրանսպորտի սակագնի բարձրացումից»:

«Երբ նախաձեռնեցինք այս ցանցի գաղափարը, գիտեինք, որ ցանկացած պահի կարող է լինել վառելիքի գնի փոփոխություն, ինչը սովորական երևույթ է: Կարծում եմ՝ այն նպատակը, որ կառավարությունը դրել է իր առջև, դժվար է, բայց իրագործելի»,- ասաց հիմնական զեկուցողը:

Փոխնախարարի խոսքով՝ թանկացումները նոր են ու նախարարությունը դեռևս չունի հստակ պատասխան. քննարկումներն ընթացքի մեջ են:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի