Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Այսօր ՀՀ ժողովրդական նկարչուհի-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանի ծննդյան օրն է

1496
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 16:05
Այսօր ՀՀ ժողովրդական նկարչուհի-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանի ծննդյան օրն է

ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է հունվարի 15-ին, Կարսում: 1945-ին ավարտել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի դասարանը և ստացել նկարիչ-խեցեգործի կոչում: 1956-ից Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում խեցեգործության դասընթացներ է վարել: 1960-ին արժանացել է վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: Հռիփսիեմե Սիմոնյանը կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում:
Հայկական արվեստում նա իր ուրույն տեղն ունի, նրա անվան հետ է կապվում Հայաստանում ժամանակակից դեկորատիվ արվեստի զարգացումը, նրան է պատկանում Հայաստանում պրոֆեսիոնալ խեցեգործության վերածննդի նախաձեռնությունը:
Հռիփսիմե Սիմոնյանը հեղինակ է «Արմենուհի» խեցեգործ քանդակի, որը դրված է «Սիրահարների այգում»:

«Արմենուհի»
«Արմենուհի»

«Սիրահարված մարդիկ ավելի լավ են գեղեցկությունը գնահատում: Իսկ սիրահարների այգի գալիս են սիրահարվածները: Արվեստը պետք է շփվի շրջապատի հետ, մարդկանց հետ՝ արվեստանոցում մնալու փոխարեն: Մորս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է»,- «Արմենուհի» քանդակի մասին արտահայտվել է Հռիփսիմե Սիմոնյանի որդին՝ ճարտարապետ Արծվին Գրիգորյանը:
Սիմոնյանի գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում, նաև Կուսկովոյի կերամիկական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Լենինգրադի ազգագրական թանգարանում և այլուր:
Նրա արվեստը գնահատում էին Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը: Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հռիփսիմե Սիմոնյանը մահացել է 1998-ին:

«Մայրություն»
«Մայրություն»
«Վանեցի աղջիկը»
«Վանեցի աղջիկը»