Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել». Լավրով

710
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 14:35
«ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2017-ին ռուսական դիվանագիտության կատարած աշխատանքների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է մեկընդմիշտ լուծել մեկ փաստաթղթով, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք՝ ընդհանրացնելով կողմերի բոլոր դիրքորոշումներն, ինտենսիվ ջանքեր ենք գործադրել այդ ճգնաժամի լուծման համար և միաժամանակ փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որոնց հարցում կողմերը մինչ այժմ տարբեր դիրքորոշումներ ունեն: Ռուսաստանն այդ հակամարտության կարգավորման համար կոնկրետ ծրագրեր չունի, քանի որ այն կարող են կարգավորել միայն հակամարտության կողմերը: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հակամարտության կարգավորման համար բոլոր պայմաններն ստեղծել են»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր առաջարկները գտնվում են հակամարտող կողմերի մոտ:

«Նրանք գիտեն համանախագահների կարծիքը, սակայն պետք է իրենք լուծեն խնդիրը: Մենք դրական ազդակներ ենք ակնկալում»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ այժմ «կարևոր է հավելյալ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում իրավիճակն առավել հանգիստ լինի, ինչն էլ կօգնի սկսել քաղաքական կարգավորումը»:

«Այդ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնություններն ու կորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորման, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի, շահերից բխող հավեյլալ քնննարկումների հարցով աշխատանքի ուղիները»,- նշել է Լավրովը:

«ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել». Լավրով