Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Իշխանափոխության պահանջի դեպքում պատրա՞ստ եք առաջնորդել ժողովրդին». լրագրողները՝ Փաշինյանին

160
Երկուշաբթի, 15 հունվարի, 2018 թ., 14:05
«Իշխանափոխության պահանջի դեպքում պատրա՞ստ եք առաջնորդել ժողովրդին». լրագրողները՝ Փաշինյանին

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու ձևը հանրային ճնշում ապահովելն է: Մենք ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը ոչ միայն խնդիր ունի թանկացումների հետ, այլ դրանց հետագա ծավալումը կասեցնելը ձևակերպվում է որպես քաղաքական պահանջ»,- ԱԺ «Ելք» խմբակցությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 17․00-ին «Ելք» դաշինքը հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։

«Մեր մանդատի շրջանակներում քաղաքացիներից ակնկալում ենք ավելի մեծ մանդատ: Եթե քաղաքացին տվեց այն, կիրացնենք, եթե ոչ՝ կարձանագրենք, որ քաղաքացին շարունակաբար չտվեց: Եթե հավաքի արձանագրումը լինի այնպիսին, որ ներգրավվածությունը մեծացնենք, կշարունակենք»,- հավելեց Փաշինյանը:

Հարցին՝ պատրա՞ստ եք իշխանափոխության պահանջի դեպքում առաջնորդել ժողովրդին, ասաց. «Այո, «Ելք»-ն ունի և մանդատ, և իրավունք՝ ժողովրդին առաջնորդելու, բայց եթե ժողովուրդը դա ցանկանա»: