Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանի խնդրով «ոչ այնքան պատեհ» մեկնաբանությունների շուրջ

115
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 17:05
Նիկոլ Փաշինյանը՝ «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանի խնդրով «ոչ այնքան պատեհ» մեկնաբանությունների շուրջ

Քանի որ համացանցում հայտնվել եմ մի շարք ոչ այնքան պատեհ մեկնաբանություններ, հարկ եմ համարում տեղեկացնել․

Հունվարի 4-ից գրեթե ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ «Սասնա ծռեր» խմբի հացադուլ հայտարարած տղաների, նաև Հովհաննես Հարությունյանի հարցով։ Դա արտահայտվել է՝ Քրեակատարողական հիմնարկներ կատարած մի քանի այցելություններով, քրեկատարողական հիմնարկների ներկայացուցիչների, ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ ունեցած մի քանի հեռախոսազրույցներով։ Չեմ կարող շատ մանրամասնել, բայց ուզում եմ արձանագրել հետևյալը։

- Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է մենախցում, այն մասնաբաժնում, որտեղ պահվում են բացառապես «Սասնա ծռեր» խմբի անդամներ։ Սա, կարծում եմ, լիովին համապատասխանում է Բիլյանի հացադուլի բովանդակային պահանջին։ Նաև սա է պատճառը, որ նա դադարեցրել է հացադուլը։

- Հույս ունեմ՝ Սմբատ Բարսեղյանի հարցը կլուծվի մոտավորապես նույն ձևով։

- Արայիկ Խանդոյանը հացադուլը դադարեցրել էր հունվարի 8-ին և տեղափոխման հետ կապված պահանջներ չունի։ Ծանոթացել եմ խցում նրա պահման պայմաններին և համոզվել դրանում։

- Հովհաննես Հարությունյանի պաշտպանը ահազանգել էր երկու հիմնական խնդրի մասին ա) որ նրան հոգեմետ դեղեր են տալիս՝ առանց անհրաժեշտության եւ բ) նրա ոտքի բուժումը ճիշտ չի ընթանում։

Հոգեմետ դեղերի կապակցությամբ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ պայմանավորվել ենք հետեւյալը․ Հարությունյանի հարազատները կարող են նրա մոտ տանել իրենց համար վստահելի հոգեբույժի եւ դրանից հետո Հարությունյանը կարող է ընդունել բացառապես նրա նշանակած դեղերը։ Կամ՝ եթե բժիշկը հանի դեղերը, ոչ մի դեղ նրան չի տրվի։

Հարությունյանի ոտքի բուժման ընթացքի հետ կապված խոսակցություն եմ ունեցել Առողջապահության նախարարի, փոխնախարարի հետ։ Նրանք աշխատանքային կարգով ինձ ծանոթացրել են փաստաթղթերի հետ, որտեղ հեղինակավոր մասնագետները իրենց ստորագրությամբ հաստատել են, որ Հարությունյանը ունի վերականգնողական բուժման կարիք, ինչը, ըստ փաստաթղթերի ստացել է։ Հետագայում, ըստ մասնագետների, նրան ցուցված են վարժություններ։

Ու քանի որ Հարությունյանի ծնկի այն ռենտգեն լուսանկարը, որ հրապարակել է նրա պաշտպանը, արվել է վերը նշված բժշկական կոնսիլիումից, այսինքն՝ վերը նշված եզրակացությունից առաջ, ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի հետ պայմանավորվել ենք, որ Հարությունյանի ծունկը առաջիկայում նորից ռենտգեն կարվի՝ վիճակի վերաբերյալ եզրակացության գալու համար։

Եթե ռենտգենը կպարզի, որ կա հավելյալ բժշկական միջամտության կարիք, կարծում եմ կկարողանանք դա լիարժեք ապահովել։