Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Օզբիլիսը պետք է այլ ակումբ տեղափոխվի». Ռուբեն Հայրապետյան

303
Ուրբաթ, 12 հունվարի, 2018 թ., 17:45
«Օզբիլիսը պետք է այլ ակումբ տեղափոխվի». Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման մեկնաբանեց Արաս Օզբիլիսի՝ «Բեշիքթաշ»-ում ծագած խնդիրները։

«Արասի պես տաղանդավոր, բարձրակարգ և օգտակար ֆուտբոլիստները շատ քիչ են: Ցավում եմ, որ նա այդպիսի իրավիճակում է հայտնվել։ Կարծում եմ՝ Արասը պետք է այլ ակումբ տեղափոխվի: Կարող է նույնիսկ Հայաստան գալ, ես շատ կցանկանայի: Արասը պետք է հեռանա «Բեշիքթաշ»-ից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Անդրադառնալով Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում ունեցած խնդիրներին՝ Հայրապետյանը նշեց․ «Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել եմ հավաքականի ընկերական խաղից հետո․ երբ որևէ լարվածություն կամ խնդիր չկար անգլիական ակումբում: Ես գիտեմ այնքան, որքան դուք: Մի փոքր ավելին գիտեմ, բայց չեմ ցանկանում մեկնաբանել: Ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները կարող են լավանալ կամ վատանալ, պետք չէ հիմա շատ ագրեսիվ և ակտիվ կերպով մտնել նրանց աշխատանքային գործընթացի մեջ և խանգարել: Համբերենք։ Հավաստիացնում եմ, որ Մխիթարյանը կարող է խաղալ եվրոպական ցանկացած բարձրակարգ ակումբում: Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանին։ Նա միշտ իր տեղը կունենա մեկնարկային կազմում»։

Հայրապետյանն անդրադարձավ նաև Մխիթարյանի՝ Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի վարկածով տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում չընդգրկվելուն. «Նորմալ եմ վերաբերվում դրան։ Այդ լրագրողները թող իրենց մտքի, խղճի և աչքերի առաջ պատասխան տան: Եթե նրանք հանձնարարություն ու պատվեր կատարող մարդիկ են, ի՞նչ կարող եմ ասել: Մխիթարյանն արժանի՞ է, արդյոք, տասնյակում լինելուն։ Ես ավելի արժանի մեկին չեմ տեսնում: Իհարկե, արժանի են բոլոր այն մարզիկներն, ովքեր միջազգային ասպարեզում Հայաստանի դրոշն ու պատիվը բարձր են պահել: Ես նրանց առաջ գլուխ եմ խոնարհում: Մխիթարյանին տասնյակում ընդգրկել է հանրությունը: Շատերն են ասում, թե ինչ է արել Մխիթարյանը Հայաստանի համար, ասեմ: Բոլորդ գիտեք՝ ըմբշամարտ, ծանրամարտ ..սրանք այն մարզաձևերն են, որոնցով քիչ երկրներ են զբաղվում, և ունեն շատ քիչ հանդիսատես: Խնդրում եմ՝ ճիշտ հասկացեք:Չեմ ցանկանում նսեմացնել որևէ մարզաձև: Գիտեք, որ ֆուտբոլին միլիարդավոր մարդիկ են հետևում: Բոլոր այդ մարզաձևերը միասին միլիարդից ավել մարդ դիտե՞լ է, ավելի շա՞տ են դիտել, քան Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որից հետո Մխիթարյանը դրոշն ուսերին, Եվրոպայի լիգայի գավաթը ձեռքին քայլում էր դաշտում ... իհարկե, ոչ: Ոչ ոք ինձ չի կարող ապացուցել, որ Մխիթարյանի՝ Եվչպայի լիգայի եզրափակչում «Այաքս»-ի դարպասը խփած գոլն ավելի քիչ ճանաչում է բերել հայերին, քան մնացած մարզաձևերը: Չեմ ցանկանում նսեմացնել ոչ մի մարզաձևի և մարզիկի, եթե ես լինեի որոշողը, լավագույնի կոչումը կտայի Արոնյանին: Նա տարին 12 ամիս պայքարում է Հայաստանի դրոշի, Հայաստանի անվան համար: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկներն էլ արժանի են հարգանքի: Հպարտանում եմ Արթուր Ալեքսանյանով, ինձ համար նա ֆանտաստիկ մարզիկ է, երբ տեսնում եմ նրա դեմքը, պայծառանում եմ: Որպես հայ մարդ՝ հպարտանում և ուրախանում եմ բոլոր մարզիկների հաջողություններով: Քվեարկության կարգը ևս նորմալ եմ գնահատում: Շատ լավ է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սկսեց զբաղվել այդ մրցանակաբաշխությամբ»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը: