Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վաղը կմեկնարկի Աժ քառօրյան

526
Կիրակի, 14 հունվարի, 2018 թ., 11:10
Վաղը կմեկնարկի Աժ քառօրյան

Հունվարի 15-ին կմեկնարկի ԱԺ այս տարվա առաջին քառօրյան: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 39 հարց, հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 26 հարց:

Հունվարի 12-ին նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել էր հետևյալը.

«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը»:

Խոսելով ԱԺ նախագահի աշխատանքի մասին՝ Սարգսյանը նկատել էր. «Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են: Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում»:

Ինչպես մամուլն էր նկատել, նախագահը, թերևս, թափանցիկ ակնարկ է արել ներկաներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն: