Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Պահանջում են հենց հունվարի 8-ին մուծել երաժշտական դպրոցների վարձավճարները»․ ծնողներն ահազանգում են

358
Երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ., 14:30
«Պահանջում են հենց հունվարի 8-ին մուծել երաժշտական դպրոցների վարձավճարները»․ ծնողներն ահազանգում են

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Երևանի երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացման խնդրին, որն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարի 1-ից:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Դ. Խաժակյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ երաժշտական դպրոցներ հաճախող աշակերտների ծնողները կրկին ահազանգում են վարձի վճարման անհամաչափ պահանջի վերաբերյալ։ «Անցած ամիս պահանջում էին հունվարի վարձավճարն, իսկ այժմ ծնողներից պահանջում են հենց հունվարի 8-ին կատարել վճարումն՝ ասելով, որ այլապես կհեռացնեն հաստատությունից»,- գրել է նա՝ նշելով, որ վճարումները կատարվում են բանկերի միջոցով, այնինչ այսօր բանկերը խիստ ծանրաբեռնված են լինելու։

«Նկատի ունենալով, որ 8-ն աշխատանքային առաջին օրն է, կարծում եմ՝ պետք է վճարման համար հնգօրյա ժամկետ սահմանել և բացառել այս պարտադրանքը»,- շարունակել է նա։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքապետարանին արդեն հայտնել է կոնկրետ դպրոցի վերաբերյալ տեղեկությունը, սակայն վստահ է, որ այդ պարտադրանքը համատարած բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ Երևանում գործող երաժշտական դպրոցներում, 2018-ի հունվարի 1-ից բարձրացել է ուսման վարձավճարը: Հավելենք, որ այս հարցը քննարկման է դրվել Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 26-ին և ձայների մեծամասնությամբ ընդունվել: