Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Չե՛ք փոխվում էլի, շարունակում եք առաջնորդվել միջնորդություններով». Բախշյանը՝ քաղաքապետին

414
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ., 16:50
«Չե՛ք փոխվում էլի, շարունակում եք առաջնորդվել միջնորդություններով». Բախշյանը՝ քաղաքապետին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

Հարգելի պարոն Մարգարյան,

ՀՀ նախագահը վերջերս տեղական մարմինների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ առաջնորդվել է այնպիսի միջնորդություններով, որոնք այս կամ այն պաշտոնյային ազատել են պատիժներից ու ասաց, որ նոր տարուց հետո այլևս չի լսելու ոչ մի միջնորդության մասին: Կարծում եմ սա Ձեզ էլ վերաբերվում, Դուք էլ եք միջնորդություններով գործում ու դրանով հեղինակազրկում տեղական ինքնակառավարման մարմիններին ու պետությանը:

Ամռանը սուս ու փուս, առանց պատճառների մասին հրապարակելու, ազատեցիք Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ. 37 տնօրենին: Սա փաստ է այն մասին, թե որքան փակ, ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը: Դեկտեմբերի 20-ին դպրոցի նոր տնօրենի ընտրություն է նշանակված: Ինձ նամակով ահազանգել են այն մասին, որ թեկնածուներից մեկը դպրոցի երկարամյա աշխատող փոխտնօրենն է ու կոլեկտիվի կողմից ընդունելի թեկնածու, իսկ մեկ ուրիշը հանրային ռադիոյի աշխատակից է, բայց ինչ-որ ժամանակ աշխատել է դպրոցում: Նամակում նաև տեղեկացրել են, որ քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց կողմից հովանավորվող թեկնածուին: Չգիտեմ, թե ով է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը, բայց նա պետք է ամոթանք տար իրեն ուղղորդողներին ու վստահորեն ասեր, որ ինքն իր լիազորությունների շրջանակը չի կարող գերազանցել ու ընդամենը ընտրության գործընթացը կազմակերպողն է: Դպրոցի կոլեկտիվն էլ կառավարման խորհրդում իր երկու մանկավարժների ու ծնողների հետ համապատասխան աշխատանք պետք է տաներ ու ընտրության ժամանակ խորհրդի մյուս անդամներին համոզեր ընտրել այն թեկնածուին, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը կբարելավեր երեխաների կրթության որակը: Սակայն վստահ եմ, որ կառավարման խորհուրդը չի էլ խորանալու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերի բովանդակության վրա, այլ վերևներին հաճոյանալու համար, իրենց ձայնը տալու են նրան, ում հովանավորում է քաղաքապետարանը: Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում:

Առավել քան ակնհայտ է, քաղաքապետարանն էլ երեխաների կրթության հաշվին ուզում է իր վերևներում կանգնած մեկին հաճոյանալ ու դրա համար է ուղղորդում խորհրդին:

Ու այս ամենը՝ երեխաների կրթության որակի հաշվին:

Հապա ասում եք փոխվում եք, ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ դրա ժամկետն էլ է նոր տարուց հետո: Այդքան չե՛նք ուզում սպասել, ուզում ենք նոր տարուց առաջ, դեկտեմբերի 20-ին Երևանի թ. 37 դպրոցում կառավարման խորհուրդը ընտրի այն թեկնածուին, ով կրթությունն այդ դպրոցում կազմակերպելու առավել լավ զարգացման ծրագիր կներկայացնի: